«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

ԿՈՐՈՒՍՅԱԼ ԴՐԱԽՏ

ԿՈՐՈՒՍՅԱԼ ԴՐԱԽՏ
27.04.2012 | 00:00

ՄՏՈՎԻ ՇՐՋԵՆՔ ՄԵՐ ԲԱՐԵԲԵՐ ԴԱՇՏԵՐՈՎ ԵՎ ՀՈՎԻՏՆԵՐՈՎ

Աշխարհում բոլորը կռվել են և շարունակում են կռվել միայն հողի համար։ Չկա գաղափարի համար պատերազմ, իսկ եթե, այնուամենայնիվ, կռիվն ուղեկցվում է ինչ-որ գաղափարախոսությամբ, ապա դա հայրենի հողը պաշտպանելու գաղափարն է, որ մղում է կռվի։ Գուցե միակ կռիվը, որ արդարացված է։

Մի առիթով ասել եմ, որ մեր կորցրած հայրենիքը ոչ միայն նրա լեռներն ու գետերն են, քաղաքներն ու գյուղերը, վանքերն ու եկեղեցիները, այլև այդ հողի վրա հայ մարդու աշխատանքի բարիքները` արտն իր ցորենի, գարու առատ բերքով, այգիներն իրենց բազմատեսակ ու քաղցրահամ պտուղներով, բոստաններն իրենց ամենատարբեր մշակաբույսերով, անտառներն իրենց ատաղձով (անտառափայտ) և որսի կենդանիներով, գետերն ու լճերն իրենց ձկներով։ Մի խոսքով, հայրենիքը նաև մարդու ձեռքով և բնության բարեհաճությամբ ստեղծված հարստությունն է։ Երկիրը հարուստ է, եթե ունի բերրի վարելահողեր և փարթամ արոտավայրեր։ Բարձր Հայքի աշխարհագրական դիրքը բազմաբնույթ է։ Հիմնականում լեռնաշատ շրջան լինելով` այն հարուստ է նաև լայնատարած, պարարտ մշակելի հողերով և կանաչ ու առատ արոտավայրերով։ Կարինի նահանգի որոշ գավառներ եղել են հացահատիկի շտեմարան, իսկ արոտավայրերը հարյուր հազարավոր ընտանի կենդանիների բազմացման լավագույն գրավականն են եղել։ Այս հոդվածով ուզում եմ իմ ընթերցողներին ծանոթացնել, իսկ ովքեր գիտեն` հիշեցնել, Բարձր Հայքի բարեբեր դաշտերին և հովիտներին։ Կարդանք և մտովի շրջենք մեր բարեբեր դաշտերով ու հովիտներով և մեր հոգու գաղտնարաններում պահված կարոտը շաղ տանք մեր որբացած հող ու ջրին, որպես մոր գուրգուրանք։

ԿԱՐՆՈ ԴԱՇՏԸ մոտ 2500 քկմ տարածություն է, որի հողերի մեծ մասը եղել է մշակելի և ընտիր, քանի որ սնուցվում էր տեղի ջրառատ գետակներով և Եփրատի ջրերով։ Բարեբեր հողը, առատ ջուրը և հայ մարդու աշխատասիրությունը տվել են իրենց արգասաբեր արդյունքը։ Շրջակա մոտ 50 գյուղերի բնակիչները և Կարին քաղաքի մի մասը լիուլի վայելում էին հայրենի հողի տված բարիքը։

ՎԵՐԻՆ ԲԱՍԵՆԻ ԴԱՇՏԸ պատմական Բասյանք գավառի մի մասն է, որ մտնում է Կարնո անմիջական շրջանի մեջ, մյուս մասը կոչվում է Վարի Բասեն։ Երասխը (Արաքսը), սկիզբ առնելով Բյուրակնի լեռներից, ճանապարհին միանալով բազմաթիվ վտակների, մեծանում, դառնում է լայնահուն մի գետ, մտնում է Բասենի գավառը` բաժանելով այն երկու մասի։

Վերին Բասենը մի հարթավայր է` գեղեցիկ և կանաչազարդ տեսարաններով, հյուսիսային մասն ունի բլրաշար, որ անտառապատ է։ Վերին Բասենը Կարին քաղաքի և գավառի ցորենի և ընդեղենի շտեմարանն է եղել։

ԹՈՐԹՈՒՄԻ ՀՈՎԻՏՆ ընդարձակ լեռնահովիտ է` Ճորոխ գետին հարող։ Թորթումի կլիման մեղմ է` տարվա չորս եղանակների բնականոն հաջորդումներով։ Հովիտն ասես աշխարհագրական տեղանքների ներդաշնակ ամբողջություն լինի. կանաչազարդ դաշտեր` փոքր, զմրուխտե բլուրներով շրջանակված։ ՈՒնի նաև խոր ձորեր, բազմաթիվ աղբյուրներ և առվակներ, կարկաչուն գետակներ։

Երբեմն այնքա՜ն խոր ու ահարկու են անտառները, հաճախ էլ` գեղատեսիլ և կախարդիչ։ Իսկ հովիտը հատող Թորթում գետը` արագավազ ու որոտալից, իր ափերին տարածված անտառապատ բլուրներով դառնում է Թորթումի հովտի խորհուրդը։

Թորթումի հովիտը մրգերի շտեմարան է։

Թորթում գետը 40 մ բարձրությունից գահավիժում է ձորը` առաջացնելով փառահեղ մի ջրվեժ, որի մասին անցյալ դարի գերմանացի մի ճանապարհորդ, որ շրջել էր ողջ Ասիան, Եվրոպան և Աֆրիկան, վկայում է. «Այս ջրվեժը չքնաղ է ու վեհագույն, քան Եվրոպայի և այլ երկրների ջրվեժները։ Գուցե աշխարհում Հյուսիսային Ամերիկայի Նիագարա ջրվեժից հետո Թորթումը լինի»։

Աշխարհը հիացած է բնության հրաշալիք կոթողներով, մինչդեռ մեր որոշ գործարարներ, ելնելով իրենց շահերից, փորձում էին ոչնչացնել Թռչկանի գեղատեսիլ ջրվեժը։ Խորհել է պետք...

ԽՆՈՒՍԸ Կարնո նահանգի և Կարինի հետ անմիջականորեն կապված կարևոր շրջաններից էր։ Այն լայնատարած և երկայն լեռնահովիտ է։ Շրջանը Բարձր Հայքին բնորոշ ջրառատ է։ Զով ու հրաշալի օդը կազդուրող հատկություն ունի, հողն արտակարգ բարեբեր է. մանավանդ հայտնի է Խնուսի հրաշալի ցորենը, որ չափազանց առատ է լինում այստեղ։ Խնուսի շրջանը հարուստ է խոտառատ արոտավայրերով։ Բազմաթիվ կովեր, ոչխարներ, նժույգներ են արածել նրա արոտներում։ Այս զով ու մաքուր օդը, անապակ ջուրն ու մարդու վաստակով ստեղծված արդյունքը վայելող մարդիկ էլ եղել են առողջ ու ժրաջան, տղամարդիկ` լայնաթիկունք, ամրակուռ ու գեղակազմ։

Խնուսի շրջանն ունեցել է 24 գյուղ, որոնց մեծ մասը հայաբնակ է եղել, դրանցից էին Գովանտիկը, Սև կամուրջը, Սև հովիվը, Քաղքիկը և այլն։

Խնուսը հայտնի է եղել իր բարձրորակ մեղրով, որը զարդարել է կարնեցիների սեղանները։ Խնուսի գողտրիկ երգերն այսօր հասել են մեզ և իրենց լավատեսությամբ ու մեղեդայնությամբ գերում և հուզում են իրենց ստեղծողների ժառանգներին։

ԲԱԲԵՐԴԻ գավառը (աղավաղված` Բայբուրթ) Կարինից մոտ 120 կմ հեռու է դեպի Տրապիզոն։ Բաբերդ քաղաքն իր աշխարհագրական նպաստավոր դիրքի շնորհիվ առևտրական կարևոր հանգրվան է եղել Տրապիզոնից Պարսկաստան ճանապարհին։ Բաբերդի միջով հոսում է Ճորոխ գետը` ոռոգելով երկու ափերին եղած պտղատու այգիները։ Գետային նավարկությամբ քաղաքը կապված է եղել Բաթումի հետ։ Երկրագործությունը գյուղատնտեսական գերակա ճյուղ է եղել Բաբերդում, քանի որ հողը բերրի է եղել, ջուրը` առատ, և հայը` աշխատասեր։ Եվ այս բնական եռամիության արդյունքը եղել է առատ և ընտիր բերքը։

Բաբերդի բնությունը հարուստ է բուսական և կենդանական տեսակներով, դա երկիրը դարձրել է մարդու բնակության համար հարմարավետ և ապահով։ Բաբերդը նշանավոր է եղել նաև մեր պատմության մեջ։

Բնական այսպիսի առավելություններ ունեցող երկրամասը որքա՜ն նյութական բարիք և քաղաքական ու տնտեսական շահավետություն կբերեր մեզ` հայերիս, եթե մենք այսօր լինեինք մեր հայրենի հողերի տերն ու ծառան։ Հայտնի է` քաղաքականությունն աշխարհի ամենաանկայուն բանն է։ Երեկվա կորցրածն այսօր կարող ես գտնել, իսկ այսօրվա գտածը վաղը կորցնել։ Նորին մեծություն քաղաքական քարտեզը գարնան եղանակի նման փոփոխական է։ Մենք մի բարի օր կլինենք տերն ու մշակը մեր հողի։

ԵՐԶՆԿԱՆ Բարձր Հայքի ութ գավառներից մեկն է, որ Կարնո նահանգի մեջ է որպես առանձին միավոր։ Երզնկան պատմական Եկեղյաց դաշտին մոտ է. Եկեղյաց գավառի Երիզա ավանում է եղել հայոց Անահիտ Մայր աստվածուհու շքեղ տաճարը։ Անահիտի պաշտամունքն այնքան խոր է եղել այստեղ, որ Եկեղյաց գավառն անվանել են հաճախ Անահտական։

Երզնկան հայտնի է նաև միջնադարյան իր նշանավոր բանաստեղծներով։ Հովհաննես և Կոստանդին Երզնկացիները (13-14-րդ դդ.) եղել են իրենց ժամանակի բանաստեղծական մտքի` սիրո, փիլիսոփայության, հայրենասիրության և սոցիալական բողոքի արտահայտողները։ Ահա մի քառատող, որ ասես մեր օրերի համար է գրել Հովհաննես Երզնկացին.

Շատ գործեցիր դու մեղք ու չար,

Այդ քո չարյացդ արա՛ վճար,

Մեղա՛ ասա սրտովդ հոժար,

Հակո՛բ, զարթի՛ր ի քո մեղաց։

Իսկ Կոստանդին Երզնկացու սիրային բանաստեղծություններն այնքան հուզական են ու մեղեդային, որ կարդալիս տողերի հետ երգ է ծնվում.

Հոգի՛, աչերուս իմ լույս.

Երբ որ ի դիմացս ելնուս.

Փախչիս, երբ որ զիս տեսնուս,

Խղճա՛ քո գերույս, իմ լույս։

Երզնկան 1914 թվին ունեցել է մոտ 7-8 հազար հայ բնակիչ, նրա շուրջը եղած 30 գյուղերի մեծ մասը հայաբնակ է եղել` մոտ 5 հազար բնակչով։ Մինչև Մեծ եղեռնը Երզնկայի և շրջակա գյուղերի հայերը` շնորհիվ իրենց աշխատասիրության և առաջադեմ մտածողության, աչքի են ընկել տնտեսական բարեկեցությամբ։ Բնությունը նույնպես սատարել է երզնկացուն։ Երզնկայի դաշտը հայտնի է իր արգավանդ հողով և ոռոգման մեծ հնարավորություններով։ Ընդարձակ ծառաստանները, պարտեզները, այգիներն ու բոստանները փռված են եղել մեծ տարածության վրա։ Երզնկայի դաշտը շրջապատված է Տավրոսի և Քահայանասար լեռներով, որոնք բնական պատնեշ են եղել ցրտի ու սառնամանիքի դեմ։

ՔՂԻՆ Կարնո նահանգի գավառներից մեկն է` Դերջանի հարևանությամբ։ Գավառի միջով անցնում է Քեղի վտակը, որի երկու ափերին ամֆիթատրոնի նման տարածված է գավառի կենտրոն Քղին։

Շրջանն ամբողջովին լեռնային է` բաժանված լեռներով, ձորերով, փոքրիկ հովիտներով, որոնք ծածկված են փարթամ և վայրի բուսականությամբ։ Գավառը հարուստ է գետակներով և աղբյուրներով, որոնք ստեղծում են ոռոգման հիանալի ցանց։ Լեռների լանջերից իջնող ջրերը, միախառնվելով իրար, գահավիժում են ձորերն ու հովիտները և դառնում արագահոս ու աղմկոտ գետակներ։ Քղիի սքանչելի օդն ու ջուրը և գեղատեսիլ բնությունը բացառիկ են ու երանելի։ Այս սքանչելի բնության մեջ ապրող հայն էլ եղել է առողջ, ուժեղ և բարեկազմ, բնավորությամբ` զվարթ, սրամիտ և ուշիմ, ընդհանրապես` երկարակյաց։ Քղին թեև լեռնաշատ շրջան է, սակայն, շնորհիվ իր բերրի հողերի, ջրառատության և հայ մարդու արտակարգ աշխատասիրության, վերածվել է պտղաբեր ու արգավանդ այգու և անդաստանի։ Քղիի բնակիչները միայն հացահատիկի պակաս են ունեցել, որը ձեռք էին բերում ցորենի շտեմարան համարվող Խնուսից և Բալուից։

Քղիի լեռները եղել են անտառապատ, և քղեցիներն առատ վառելափայտ ու շինափայտ են մատակարարել Կարինին։

Քղին պատմական Խորձեան գավառն է, որի մասին մեր պատմիչները գրել են, որ այն եղել է դպրության և գիտության կենտրոն։

1914 թ. Քղին ունեցել է դպրոցների ցանց` կենտրոնից մինչև հեռավոր գյուղերը։ Այդ ժամանակ գավառի աշակերտների թիվը հասել է մոտ 1800-ի, որոնց կրթել են բավարար փորձ և գիտելիքներ ունեցող ուսուցիչ-դաստիարակները։ Քղիի գավառի տարածքը եղել է 4500 քկմ, ճիշտ այնքան, որքան Լեռնային Ղարաբաղի տարածքն էր մինչև ազատագրված հողերի միացումը։ Քղեցիները շրջակայքում լավ արհեստավորի համարում են ունեցել։ Քղիի գավառում մինչև 1914 թ. ապրել է մոտ 20-25 հազար հայ։ Իսկ այսօ՞ր... Վաղը ապրելու ենք։

ԷՐԶՐՈՒՄԻ նահանգը մինչև 1914 թ. Արևմտյան Հայաստանի ամենամեծ նահանգն է եղել. նրա մոտ 76 հազար քկմ տարածքն այսօրվա մեր Հայաստանից գրեթե երկուսուկես անգամ մեծ է։ Մտովի գումարենք նաև Վիլսոնի Իրավարար վճռով Հայաստանին հատկացված ևս երեք նահանգները և Կարսի նահանգը, Արդահանի գավառը, Նախիջևանն ու ամբողջ Արցախը։ Պատկերացրի՞ք այդ քարտեզը։ Այսպիսի քարտեզ ունեցող պետությունը կարող է լինել տնտեսապես ինքնաբավ և քաղաքականապես անխոցելի։

Ահա այդ քաղաքական քարտեզի մի մասը կազմող Կարինի նահանգի բուսական և կենդանական աշխարհի նկարագրությունն իմ ընթերցողներին կբացահայտի այս երկրամասի տնտեսական ներուժը։ Բազմաբնույթ աշխարհագրական դիրքով էր պայմանավորված նաև նահանգի կլիման` խիստ սառնամանիքներով ձյունառատ ձմեռ` բարձրլեռնային շրջաններում և առավել ցածրադիր շրջաններում` մեղմ ու կարճատև ձմեռ։ Նահանգի տարածքի մեկ երրորդը բերրի վարելահողեր են, մեկ հինգերորդը` այգիներ և ծառաստաններ, երկու հինգերորդը լեռնային կամ լեռնահովտային արոտավայրեր են և անտառներ կամ անտառամշակության համար նպաստավոր վայրեր։ «Կարինապատում» գրքի հեղինակը Կարինի բնաշխարհը նկարագրելիս սիրով և գորովանքով է ներկայացրել բնության գեղեցկությունն ու հարստությունը, բայց և սրտի ցավով է խոսում հայրենի բնաշխարհի` օտար «տերերի» կողմից ոչ արդյունավետ մշակելու և օգտագործելու մասին. «Քիչ մը խնամք և գիտություն այս շրջանին մեջ կրնան մեջտեղ բերել անսահման տարածությամբ արոտներ և անտառներ։ Բնական այս աղբյուրներեն զատ, կան մեծ կարելիություններ, որոնք աշխատող ձեռքերու կպակսեն։ Էրզրումի արգասաբեր և լայնորեն ոռոգված հողերու վրա կարելի է դյուրավ մեջտեղ բերել միլիոնավոր ծառեր, որ կնպաստեն կլիմայի մեղմացումին։ Գարիի ու ճակնդեղի լայն և արդիական մշակությունը Կարինը կրնար դարձնել շաքարի և գարեջուրի ճարտարվեստի կարևոր կենտրոն մը»։

Այո՛, մինչև 1914 թ. Արևմտյան Հայաստանի բարեբեր հողերը մշակվել են հայ մարդու քրտնաջան աշխատանքի և բնության բարեհաճության շնորհիվ և ոչ ավելին, քանի որ թուրքական պետության տնտեսությունն աներևակայելի հետամնաց է եղել։ Վերջին 20-25 տարիներին այդ երկիրը հավակնում է տարածաշրջանում զարգացած գյուղատնտեսություն ունեցող երկիր դառնալու, և կարծես նրան հաջողվում է։ Ափսո՜ս։

ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ

Նույնիսկ գյուղատնտեսության զարգացման պետական ոչ հետևողական քաղաքականության պայմաններում 1905 թ. Կարինի նահանգն արտադրել է մոտ 100 հազար տոննա ցորեն, որից 61 հազար տ բաժին էր ընկել Կարնո երեք դաշտերին, 118 հազար տոննա գարի և կորեկ։ Այս վիճակագրական տվյալները 1903-1905 թթ. համար են, մինչդեռ 1913-14 թթ. թվականների գյուղարտադրանքի քանակը 40 % պետք է ավելացնել, քանի որ 1908-ի նոր սահմանադրության հռչակումից հետո ստեղծվում է հարաբերական ազատության և խաղաղության շրջան, որը մեծ թափ է հաղորդում գյուղարտադրանքին։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆՏԱՆԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ

Շնորհիվ իր լեռնային և նախալեռնային ընտիր և խոտառատ արոտավայրերի` Կարնո նահանգը հայտնի է եղել իր ոչխարաբուծությամբ և մանավանդ Կարնո ոչխարներով, որոնք Մերձավոր Արևելքի երկրներում մեծ պահանջարկ ունեին և հայտնի էին Էրզրումի ոչխար անվանումով։ Սրանք շատ մարմնեղ էին, առատ կաթ էին տալիս, մեծ դմակ ունեին, ընտիր բուրդ և անսովոր ծնելություն. 100 ոչխարից 40-ը զույգ գառնուկ էր ծնում։ Էրզրումի գյուղացիները սովորաբար երկու ոչխարի հաշվով երեք գառ էին հաշվում։ Երկրի ներքին կարիքները բավարարելուց զատ, Կարնո նահանգը տարեկան հարյուր հազարավոր գլուխ ոչխար է արտահանել Կ. Պոլիս, Հալեպ, Բեյրութ. 1914 թ. Կարնո նահանգում հաշվել են 5-6 հարյուր հազար խոշոր եղջերավոր, 150 հազար սմբակավոր կենդանիներ և 2,5 միլիոն գլուխ ոչխար և այծ։ Կարնո նահանգը հարուստ է եղել նաև խոշոր եղջերավոր անասուններով։ Տեղական կովերը, արջառներն ու գոմեշները նույնպես ազնիվ ցեղատեսակի էին։ Մատակները կաթնառատ էին, իսկ եզներն ու արջառները` մսատու։ Կարնո խոշոր անասուններն արտահանվում էին հեռու և հարևան նահանգներ։ Կեսարիայի ապուխտի գործարանն աշխատում էր Էրզրումի որակյալ հումքով։ Անասունների մեծածախ առևտրով զբաղվում էին գլխավորապես հայերը, իսկ թուրք գործակալները տեղերում էին իրացնում։ Կարնո նահանգը հարուստ է եղել նաև ձիերով։ Խնուսի և Բասենի շրջաններում զուտ տեղական ազնվացեղ ձիերի բազմահազարանոց երամակներ են եղել։

Կարնո անտառները հարուստ են եղել որսի կենդանիներով և թռչուններով։ Էրզրումի թռչնաշխարհի բազմազանության և հարստության մասին վկայում է 1843 թ. Կարին այցելած և ուսումնասիրություններ կատարած անգլիացի բնագետ Քերզընը 1854 թ. հրատարակված իր գրքում . «Ով որ չէ տեսած, զարմանք և անհավատալի պիտի թվին Կարնոյ դաշտի բազմատեսակ թռչունները։ Ես զանոնք տեսա ընդարձակ տարածության մը վրա անհամար բազմությամբ, այնպես որ, կարելի չէր նշմարել հողին գույնը» (Բնաշխարհիկ բառարան, հատոր Բ, էջ 202): Թռչունների մի մասը ցամաքային է, մյուս մասը` Եփրատի մի թևը համարվող Սև ջուր գետի եղեգնուտներում էր ապրում և բազմանում։ Մինչդեռ այսօր մեր երկրում բազմաթիվ թռչուններ հայտնվել են Կարմիր գրքում, որովհետև «լավ տղերքը» սիրում են որս անել։

Ձկներով հարուստ Սև ջուր և Արածանի գետերը լիուլի բավարարում էին Կարին քաղաքի և շրջապատի կարիքները։

Այս սեղմ ակնարկը Կարնո նահանգի կենդանական և բուսական աշխարհի մասին որոշակի պատկերացում է ստեղծում մեր կորուսյալ հայրենիքի բնական հարստությունների վերաբերյալ։ Ի վերուստ մեզ տրված այս դրախտը, որ դարերով շենացել է հայի աշխարհաշեն վաստակով, այս էլ քանի տասնամյակ կարոտում է հայի գորովալից ձեռքերին և մորմոքը սրտում սպասում։

Հո՛ղ հայրենի, հո՛ղ սրբազան, ների՛ր դու մեզ, որ քեզ օտարի ոտքի կոխան արեցինք։ Բայց վհատվելու չենք. հողն ու ջուրը, որ անտես թելերով կապված են ամեն մի հայի հոգու հետ, մի օր մեզ մեր պապերի տունն են բերելու, որ նաև մեր ու մեր թոռների տունն է լինելու։


Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 3355

Մեկնաբանություններ